1963 թվականի նոյեմբերին 21-ամյա Հուբերթ Հոլբեյնը լողալով կտրեց Յունգֆերն լիճը եւ հասավ Արեւմտյան Բեռլին։ Դայվինգի սարքավորումների մի մասը նա իր ձեռքով էր պատրաստել։ Փախուստից հետո նա օգնեց գաղտնի թունել կառուցելու գործին, որի շնորհիվ 1964 թվականի հոկտեմբերին 57 մարդ կարողացավ Արեւելյան Բեռլինից փախչել Արեւմտյան Բեռլին։ Փախչողներից մեկն էլ Հոլբեյնի մայրն էր։

Գերմանացիները նախանձելի հետեւողականությամբ են պահպանում իրենց պատմությունը, նույնիսկ եթե այն իրենց ցավ է պատճառում։

1989 թվականի նոյեմբերի 9-ին Բեռլինը վերամիավորվեց։ Շուրջ 28 տարի Գերմանիայի մայրաքաղաքը հսկա մի պատով բաժանված էր երկու՝ արեւմտյան եւ արեւելյան հատվածների։ Այն կառուցել էր Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը։ Պատը ամբողջությամբ բաժանում էր Արեւմտյան Բեռլինը Արեւելյան Բեռլինից, ուներ 155 Կմ երկարություն, որից 43 կիլոմետրն անցնում էր Բեռլինի միջով։ 

Երկաթե այս ճաղավանդակը անցնում էր պատի ամբողջ երկայնքով՝ թույլ չտալով անցումը պատի վրայով

Պատի ապամոնտաժումը սկսվել էր 1990 թվականի հունիսի 13-ից եւ ավարտվել 1992 թվականին։ Սոցիալիստական բլոկը պնդում էր, որ պատը կառուցվել է բնակչությանը ֆաշիստական տարրերից պաշտպանելու համար, սակայն գործնականում պատը ծառայում էր որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արեւելյան Գերմանիայից եւ կոմունիստական Արեւելյան բլոկից մասսայական արտագաղթի եւ դասալքության արգելք։ Հազարավոր մարդիկ 28 տարվա ընթացքում փախչում էին Արեւելյան Բեռլինից, այդ տարիների ընթացքում 140 մարդ է զոհվել պատն անցնելիս, այդ թվում՝ 18-ամյա խորհրդային մի զինվոր, որը փորձել էր Արեւելյան Բեռլինից փախչել Արեւմտյան Բեռլին։

Արեւմտյան Բեռլինի բնակիչները պատի մյուս կողմում ապրող ազգականների հետ այսկերպ էին շփվում

Պատի ապամոնտաժումից հետո բեռլինցիները ցանկանում էին ամբողջությամբ ոչնչացնել այն, եւ միայն ակտիվիստների փոքր խմբի ջանքերով հաջողվել էր փոքր կտորներ պահպանել՝ որպես պատմական հուշ։

Այսօր էլ՝ պատի քանդումից 28 տարի անց տեսանելի են դրա հետքերը Գերմանիայի մայրաքաղաքի վրա։ Բերնաուերշտրասսեի մի կողմում պանելային շենքերն են՝ խորհրդային ճարտարապետությամբ, իսկ փողոցի մյուս կողմում՝ բոլորովին այլ միջավայր է։

East Side Gallery՝ Բեռլինի Ֆրիդրիխսհայն շրջանում պահպանված պատի մի հատվածը՝ 1316 մետր երկարությամբ, որի վրա 1990 թվականին 21 երկրներից 118 նկարիչներ նկարներ են նկարել։Այն աշխարհի ամենաերկար պատկերասրահն է։