Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Մուշից ընտրված պատգամավոր Սըրրը Սաքըքն անդրադարձել է վերջին օրերին քուրդ գործիչների կողմից «ժողովրդավարական ինքնավարություն» հասկացության քննարկմանը։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝  քուրդ պատգամավորը իր տեսակետը հայտնել է  Twitter-ի միջոցով՝ նշելով, թե ժողովրդավարական ինքնավարության նախագիծը անջատողական նախագիծ չէ, այլ ամեն մեկին իր ինքնությամբ ապրելու հնարավորություն տվող միավորման նախագիծ է։

«Այն մարդկային մի նախագիծ է, ըստ որի, թուրքը ապրելու է թուրքի պես, քուրդը՝ քրդի, հայը՝ հայի պես, լազը՝ լազի։ Այն Թուրքիայի հանրապետության սկզբնավորման ոգուն հակառակ չէ։ 1920-ականներին այս մասին բարձրաձայնել է նաեւ Մուսթաֆա Քեմալը»,-նշել է Սըրրը Սաքըքը։