Հրազդանում այսօր Մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ 25 երեխա կա, որոնք ի վիճակի չեն նույնիսկ տնից դուրս գալու. այդ պատճառով էլ վերջիններիս նախատոնական անակնկալ մատուցելու համար ՄՈՒԿ-ով հիվանդ երեխաներից մեկի մայրը՝ Մարինե Եգորյանը, ով նաեւ «Երեխայի եւ ընտանիքի զարգացման կենտրոն» Բարեգործական ՀԿ-ն է ստեղծել ՄՈՒԿ-ով հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով, արդեն մի քանի տարի նախաձեռնում եւ իրականացնում է ծրագիր:

«Քանի որ այդ երեխաները մեծ հնարավորություններ չունեն դուրս գալու, հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ, որոշեցինք նրանց օրն էլ տոնական դարձնել: Մենք դիմեցինք տարբեր անհատների, կազմակերպությունների, հովանավորներ գտանք ու նախաձեռնեցինք այցելություներ ՄՈՒԿ-ով հիվանդ երեխաներին: Միայն տեսնել էր պետք նրանց ուրախությունը, երբ Ձմեռ պապը, Ձյունանուշը, մուլտհերոսները անակնկալ թակեցին դուռն ու ներս մտան: Փոքրիկ նվերներ էինք տարել ու անսպառ ժպիտներ: Դուք չեք պատկերացնում, թե ինչ ապրեցինք մենք, դա միայն մեզ է հայտնի: Այդ երեխաները մեզ այնքան էներգիա տվեցին, որ ողջ 2018-ին մեզ կբավականացնի»,-NEWS.am-ի հետ զրուցում պատմեց Մարինե Եգորյանը:

Նրա խոսքով, իրենց այս նախաձեռնությանը միացել էին շատերը՝ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՀՕՄ Հրազդանի Շուշան Պահլավունի մասնաճյուղը, անհատներ, պարզապես մարդիկ, ովքեր սրտացավ են ՄՈՒԿ-ով հիվանդ երեխաներին: