Իսրայելական կործանիչները հարվածել են Գազայի հատվածում ահաբեկիչների ենթակառուցվածքներին՝ ի պատասխան Իսրայելի տարածքի վրա երեք հրթիռների արձակմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակը։

«Հունվարի 3-ին  Գազայի հատվածից Իսրայելի արեւելյան շրջանների ուղղությամբ արձակված երեք հրթիռներին ի պատասխան զգալի հարված ենք հասցրել ահաբեկիչների ենթակառուցվածքներին»,-նշված է բանակի թվիթերյան Էջում:

Հայտարարության մեջ նշվում է, որ բանակը կշարունակի օգտագործել ցանկացած միջոց` կանխելու Իսրայելի քաղաքացիների վրա հարձակումները եւ թույլ չի տա խախտել պետության ինքնիշխանությունը:

Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր Իսրայելի տարածքի ուղղությամբ երեք հրթիռների արձակման մասին։

Նշենք, որ Գազայի հատվածից կրակոցներն հաճախակիացել են Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու ԱՄՆ որոշումից հետո: Թել-Ավիվի գնդակոծման պատասխանատվությունը դրված է «ՀԱՄԱՍ» իսլամական շարժման վրա, որից պահանջում են հետեւել կրակի դադարեցման ռեժիմին։