2010թ. ընթացքում Սեւանա լճի մակարդակն աճել է 47 սանտիմետրով նախորդ տարվա համեմատ, եւ կազմել է 1899 մետր 71 սմ: Այդ մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրոցյում հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ ամփոփելով անցնող տարին:

Ըստ նախարարի՝ 2010թ. պահպանվել է Սեւանա լճի մակարդակի բարձրացման կայուն միտումը: Համեմատության համար նա նկատել է, որ 2008-ին լիճը բարձրացել էր 6 սմ-ով, 2009-ին՝ 38 սմ-ով: Ընդ որում, դա այն պայմաններում, երբ 2010-ին Սեւանա լճից ավելի շատ ջուր է բաց թողնվել: Եթե 2009-ին լճից բաց էր թողնվել 126 մլն խմ ջուր, ապա ընթացիկ տարում՝ 157 մլն խմ: Արփա-Սեւան թունելով 2010թ. Սեւանա լիճ է լցվել 235 մլն խմ ջուր՝ 2009-ի 203,8 մլն խմ-ի դիմաց:

Ըստ նախարարի՝ բնապահպանության նախարարությունը Սեւանա լճի տարածքում մաքրման զգալի աշխատանքներ է կատարել: Նախարարությունը գնել է ֆիննական արտադրության «Վոթերմաստեր կլասիկ III» բազմաֆունկցիոնալ էքսկավատոր: Նոր տեխնիկայով եւ «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա 2010թ.  մաքրվել է 138 հեկտար ջրածածկ տարածք: