Անցումային երկրները, այդ թվում եւ Հայաստանը, նման են ալկոհոլիկի եւ հաճախ տրվում են խմելու գայթակղությանը, նման համեմատություն արեց Եվրոպայի Խորհրդում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը՝ դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ ալկոհոլիկներն իրենց այդ գայթակղությունից ձերբազատվելու համար իրենք իրենց ձեռքերը կապում են՝ ինքնակամ գնում են դիսպանսեր բուժման: «Անցումային երկրները հակում ունեն բռնաբարելու ժողովրդավարությունը: Եւ այդ երկրների անդամակցումը ԵԽ-ին սեփական ձեռքերը կապելու պես մի բան է: Եւ եթե այդ երկրները չեն կատարում ԵԽ պահանջները, ապա նրանց անդամակցումը այդ կազմակերպություններին անիմաստ է»: Շատերը, ըստ Գրիգորյանի, կարծում են, որ ԵԽ-ի կողմից Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը վնասարար ազդցություն ունի: «Դրանք շատ տհաճ են, բայց անհրաժեշտ են, որպեսզի մեր երկրում կայանա այն, ինչի համար մեր երկրը դարձել է ԵԽ անդամ»,- հայտարարեց Գրիգորյանը: Հարցին, թե ինչո՞ւ է ԵԽ-ն մեղմ Հայաստանի նկատմամբ, այն դեպքում, երբ Հայաստանը չի կատարել այդ կազմակերպության առաջ ստանձնած պարտավորությունները, ՀԱԿ ներկայացուցիչն արձագանքեց, թե դրա համար մի շարք պատճառներ կան՝ սկսած քաղաքական պատճառներից, վերջացրած բյուրոկրատական պատճառներով: «Քաղաքական պատճառն այն է, որ ոչ միայն ԵԽ-ն, այլ Արեւմուտքն ընդհանրապես, Հայաստանի ընդդիմության նկատմամբ ոչ էնտուզիաստիկ վերաբերմունք ունի, քան Ուկրաինայի կամ Բելոռուսի ընդդիմության նկատմամբ: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ընդդիմության ղեկավարները ամեն Աստծո օր Պուտինին հայհոյեին, Ռուսաստանի վրա մուր քսեին, ՆԱՏՕ-ի դուռը բախեին, Արեւմուտքի վերաբերմունքը մեր հանդեպ շատ ավելի բարյացակամ կլիներ»,- նշեց Գրիգորյանը:
Երկրորդ պատճառն այն է, որ ԵԽ-ն կոնսենսուսով աշխատող մարմին է, որին անդամակցում են ժողովրդավարական արժեքները ոտնահարող այլ երկրներ նույնպես, բացի Հայաստանից: Ուստի՝ ԵԽ-ն առաջնորդվում է այն մտայնությամբ,որ եթե մի երկրի նկատմամբ կիրառվի սանկցիա, ապա նույնը պետք է տեղի ունենա նաեւ նույնատիպ մյուս բոլոր երկրների հետ: «Հետեւաբար, նրանք աշխատում են ավելի մեղմ միջոցներով արդյունքների հասնել, քան պատժամիջոցների դիմել: Սակայն կան նախադեպեր, երբ ԵԽ-ն դիմել է վերջնական միջոցների: Եւ ես չեմ ուզում, որ Հայաստանը հասնի այն վիճակին, որ ԵԽ-ն սանկցիաներ կիրառի»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:





























