Ալեքսանդր Ռար. 2010 թվականը Հարավային Կովկասի համար լճացման տարի էր

Հարավային Կովկասի համար 2010 թվականը առանձնապես ոչ մի նոր բան չբերեց: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Գերմանիայի Արտաքին քաղաքականության խորհրդի Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հետազոտական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը:

«Մեծ հույսեր էին կապում ԵԱՀԿ գագաթաժողովի հետ, շատերը կարծում էին, թե Ղազախստանի նախագահը կկարողանա նոր շունչ տալ այդ կազմակերպությանը, սակայն դա անել չհաջողվեց: Ոչ մի առաջընթաց չկա Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստան - Եվրամիություն բանակցություններում: Իրավիճակը որոշակի լճացում է հիշեցնում», - նշեց Ռարը:

2011 թվականի մասին խոսելով` Ռարը սպասվող ամենանշանակալի իրադարձություն համարեց Nabucco նախագծի վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը:

«Եվրամիությունը մտադիր է 2011-ին վերջակետ դնել այդ հարցին: Այդ որոշումը զգալիորեն կանդրադառնա Հարավային Կովկասի վրա: Մեծ դեր կխաղան Nabucco-ի շուրջ ձեւավորվելիք քաղաքական միությունները, որոշումներն ու պայմանավորվածությունները, որոնք մեծ արձագանք կունենան Հարավային Կովկասում», - կարծում է Ռարը:

Փորձագետի ամանորյա մաղթանքները Հայաստանին եւ Ադրբեջանին.

«Հայերին կմաղթեմ, որ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում պահպանեն ավանդույթնները, դիրքորոշումը եւ կարողանան դրսեւորվել դիվանագիտական ասպարեզում: Ադրբեջանցիներին կմաղթեմ հասկանալ, որ երկիրը հարստանում է նավթի եւ գազի շնորհիվ ու կարեւորը, որ պետությունն այդ միջոցները ներդնի զարգացման եւ միջազգային ասպարեզում իմիջի ամրապնդման մեջ», - եզրափակեց Ռարը: