16-ամյա Խաչիկ Ղազանչյանի սպանության մեջ մեղադրվող Սուրեն Մուրադյանի նկատմամբ լրացուցիչ դատահոգեբանական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին մեղադրողի միջնորդությունը մերժվել է: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր եւ Զեյթուն վարչական շրջանների նստավայրում անչափահասի սպանության գործով նիստին մեղադրողի ներկայացրած միջնորդությունը դատարանը մերժել է` համարելով այն անհիմն:

Ըստ նշանակված կրկնակի դատահոգեբանական հանձնաժողովային փորձաքննության պատասխանների՝ Սուրեն Մուրադյանը դեպքի պահին գտնվել է  ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, որը համարվում է աֆեկտի տարատեսակ: NEWS.am-ի հետ զրույցում այսօր` փետրվարի 3-ին,  Սուրեն Մուրադյանի շահերի պաշտպան Արտակ Ոսկանյանը նշեց, որ ըստ էության կա երկու փորձաքննության արդյունք, որոնցով հաստատվում է, որ իր պաշտպանյալը դեպքի պահին գտնվել է աֆեկտի վիճակում:

Նշենք, որ փորձաքննության կատարումը հանձնարարվել էր Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Վոլոդյայի Գասպարյանին եւ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Գայանե Հակոբի Ղազարյանին: Փորձաքննությունը պարզելու էր՝ արդյոք հանցագործությունը կատարելու պահին Սուրեն Մուրադյանը եղել է աֆեկտի վիճակում:

Այս գործով դատաքննությունն ավարտվել է, այժմ դատական վիճաբանության փուլն է: Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում:

Հիշեցնենք, որ Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունվարի 6-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Խաչիկ Ղազանչյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր կենսական կարեւոր նշանակություն ունեցող մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որոնցից նա դեպքից մոտ մեկ ամիս անց մահացել է: