2017 թվականի մարտի 18-ին «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ուսը կոտրած Լաուրա Զաքարյանի գործով եթե դատախազությունը չբողոքի, ապա քրեական գործ կհարուցվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լաուրա Զաքարյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

«Լաուրա Սարգսյանի ուսը կոտրելուց հետո հաղորդում էինք ներկայացրել ոստիկանություն, նյութեր էին նախապատրաստվել ՀՔԾ-ի կողմից, սակայն քրեական գործ չէր հարուցվել: ՀՔԾ-ի որոշումը բողոքարկեցինք Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարան եւ դատարանը որոշեց մեր դիմումը բավարարել: Առաջին ատյանի որոշումը դատախազը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որը նույնպես մերժվել էր եւ հիմա եթե քննիչը եւ դատախազը չբողոքարկեն, պետք է քրեական գործ հարուցվի եւ բազմակողմանի եւ ամբողջական քննություն իրականացվի»,- ասաց պաշտպանը:

Արա Ղարագյոզյանը նշեց, որ քրեական գործ հարուցելուց հետո նորից պետք է հարցաքննվեն Լաուրա Զաքարյանը եւ միջադեպին մասնակից ոստիկանները, որպեսզի պարզեն միջադեպի մեղավորներին. «Պետք է ուսումնասիրվեն նաեւ լրատվամիջոցների հրապարակումները, տեսանյութերը, որտեղից էլ պարզ կլինի` իրականում ինչ է կատարվել»:

Նշենք, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Լաուրա Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության վնաս: