ՀՀ Վերաքննիչ դատարանը փոփոխել է 38-ամյա կնոջը դաժանորեն սպանած Արթուր Մելիքսեթյանի նկատմամբ կայացրած առաջին ատյանի դատավճիռը եւ ավելի խիստ դատական ակտ է կայացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված 38-ամյա Նարինե Դանիելյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը:
«Մենք Վերաքննիչ բողոք էինք ներկայացրել, որ 9 տարվա պատիժը շատ մեղմ է, քանի որ սպանությունը առանձնակի դաժանությամբ է կատարվել: Կարծում եմ, որ Վերաքննիչը առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը վերագնահատեց եւ 9 տարվա փոխարեն 11 տարվա դատավճիռ կայացրեց»,-ասաց պաշպանը:
Պաշտպան Սեդա Սաֆարյանի կարծիքով` 11 տարվա ազատազրկումը նույնպես մեղմ պատիժ է նման սպանության համար, սակայն իր կարծիքով որոշակի սոցիալական արդարություն վերականգնվեց եւ տուժողի իրավահաջորդը որոշակի հանգստություն ունեցավ այդ օրը:
Նշենք, որ ամբաստանյալի պաշտպանը նույնպես Վերաքննիչ բողոք էր ներկայացրել` նրան արդարացնելու պահանջով, որը մերժվել էր:
Նշենք, որ 2017 թվականի նոյեմբերի 3-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 9 տարի ազատազրկման դատապարտեց Նարինե Դանիելյանին սպանելու համար մեղադրվող Արթուր Մելիքսեթյանին:
Հիշեցնենք, որ Երևանի 38-ամյա բնակիչ Նարինե Դանիելյանն ամուսնացել էր 14 տարեկանում: Ամուսնական համատեղ կյանքի 25 տարիների ընթացքում ամուսինը՝ 42-ամյա Արթուր Մելիքսեթյանը, պարբերաբար հալածել է կնոջը: Երկու մահափորձից հետո Արթուր Մելիքսեթյանը 2016 թվականի սեպտեմբերի 19-ին սպանել է կնոջը՝ մարմինը նետելով ջուրը: Վերջին վեճից հետո Նարինեն հստակ որոշել էր հեռանալ բռնարար ամուսնուց։




























