Հայաստանում ֆիզիկական անձանց ուղարկված փոխանցումները վաղուց արդեն մեր երկրում արժույթի ներհոսքի հզոր աղբյուր են:

Վերջին հինգ տարիների ընթացքում (2013-2017) բանկային համակարգով փոխանցվել է ավելի քան 9.3 մլրդ դոլար:

 Համեմատության համար. Հայաստանում նշված հինգ տարիների ընթացքում մեր արտահանումը կազմել է շուրջ 8.5 միլիարդ դոլար, այսինքն՝ փոխանցումներից  0,8 միլիարդ դոլարով քիչ:

Ներհոսքում առաջատար դերը (ինչպես արտահոսքում) ավանդաբար պատկանում է Ռուսաստանին: Այդտեղից գումար են ուղարկում  հիմնականում մեր աշխատող միգրանտները:

Անկախությունից հետո զգալիորեն ընդլայնվել է աշխատանքային միգրանտների աշխարհագրությունը: Սակայն, սեզոնային աշխատանքի համար Ռուսաստանը շարունակում է մեր քաղաքացիների համար ամենակարեւոր երկիրը մնալ: Պատահական չէ, որ Ռուսաստանը անվիճելի առաջատար է դրամական փոխանցումների բացարձակ գումարի առումով: Վերջին հինգ տարիների ընթացքում այս երկրից Հայաստանում ֆիզիկական անձանց է փոխանցվել 6.3 միլիարդ դոլար, ինչը փոխանցումների ընդհանուր գումարի 67 տոկոսն է:

Փոխանցման գումարի մեծության վարկանիշում, Ռուսաստանից հետո երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ն՝ (5 տարվա ընթացքում 846 մլն դոլար) 9 տոկոսից մի փոքր ավել մասնաբաժնով: Ամենայն հավանականությամբ, սա այդ երկրում բնակվող մեր հայրենակիցների ֆինանսական օժանդակությունն է իրենց պատմական հայրենիքում ապրող հարազատներին: Այլ երկրների տեսակարար կշիռը աննշան է՝ 2 տոկոսից սկսած (Գերմանիա) մինչեւ 0,2 տոկոս (Չինաստան եւ Թուրքիա):

Հայաստանի բանկային համակարգի միջոցով դրամի արտահոսքը վերջին հինգ տարիների ընթացքում կազմելով շուրջ 4,4 մլրդ դոլար՝ 2,1 անգամ զիջել է ներհոսքի ցուցանիշին: Այստեղ կրկին առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը՝ այդ ժամանակաշրջանում մոտ 34 տոկոս մասնաբաժնով: Ինչպես կարելի է ենթադրել, փոխանցումների մի մասը առեւտրային բնույթ ունի: Բացի այդ, չի բացառվում Հայաստանում աշխատող ռուսաստանցի մասնագետների աշխատավարձի փոխանցումները:

Արտահոսքի առումով երկրորդ տեղում ԱՄՆ-ն է`664 միլիոն դոլար, 15 տոկոսից մի փոքր ավել մասնաբաժնով: Փոխանցման նպատակներն ամենայն հավանականությամբ առեւտրային են: Թեեւ այլ տարբերակները չեն բացառվում: Երկրորդ տեղը զբաղեցրել է Չինաստանը `348 մլն դոլար, 8 տոկոս մասնաբաժնով:

Անցած հինգ տարիների ընթացքում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներում դրական սալդոն կազմել է շուրջ 5,0 մլրդ դոլար, այդ թվում Ռուսաստանի գծով`4,8 մլրդ դոլար (կամ վերջնական ցուցանիշի մոտ 96 տոկոսը): Ամենամեծ բացասական սալդոն եղել է Չինաստանի առումով` նշված ժամանակահատվածում 328 մլն դոլար:

Ուսումնասիրվող ժամանակաշրջանում ակնհայտ է այս ոլորտում գործերի վատթարացումը: 2013-ի համեմատ 2017-ին Հայաստանում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալը նվազել է 546 մլն դոլարով կամ 24 տոկոսով:

Հայկական բանկերի համակարգի միջոցով փողի արտահոսքը ավելացել է 173 մլն դոլարով կամ 20 տոկոսով: Արդյունքում, դրամական փոխանցումների դրական սալդոն գրեթե 2 անգամ նվազել է`2013 թվականի 1.450 մլն դոլարից՝ 2017 թվականին 731 մլն դոլարի:

Սմբատ Գրիգորյան