ՀՀ իրավական համակարգը դեռեւս հստակ դիրքորոշմամբ չի ֆիքսել՝ լավ, ի վերջո, ճի՞շտ են արել, որ այս մարդկանց 2008-ի մարտի 1-ին սպանել են, թե սխալ են արել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նշեց, որ հայտարարության 5-րդ կետի ընդունման անհրաժեշտությունը չկա, որտեղ նշվում է. «Պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաեւ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին»։

Գեւորգ Կոստանյանն ասաց. «Արդյոք այս կետի անհրաժեշտությունը կա՝ նկատի ունենալով, որ դեռեւս 2014թ-ին, ՍԴ որոշում ընդունվեց, դրան նախորդվող ՄԻԵԴ-ի դատարանի միջնորդությամբ օրենք ընդունվեց, որով փոխհատուցում էր կատարվում կոնվենցիոն իրավունքների խախտման համար ցանկացած անձի փոխհատուցման իրավունքը երաշխավորելու համար: Այսինքն՝ 5-րդ կետը փաստացիորեն եւ իրավականորեն արդեն կա, այսինքն՝ այդ հնարավորությունը հարազատները ունեցել են եւ հիմա էլ ունեն, ինչ իմաստ ունի հայտարարությամբ հանդես գանք եւ հետո պարտավորենք ԱԺ-ին օրենսդրական փաթեթ մշակել»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Դուք ասացիք, որ կոնվենցիոն խախտումների դեպքում կարող են զոհերի հարազատները փոխհատուցում ստանալ: Իսկ ովքե՞ր են Մարտի 1-ի զոհերն ըստ եղած քրեադատավարական փաստաթղթերի կամ նյութերի: Մարտի 1-ի նախաքննության նյութերում զոհերը ներկայացվում են որպես առնվազն զանգվածային անկարգությունների մասնակիցներ, նրանց աջակիցներ: Նրանցից ոմանք ներկայացված են որպես հարբած վիճակում դեպքի վայրում գտնված քաղաքացիներ: Այսինքն՝ ՀՀ իրավական համակարգը դեռեւս այս առումով հստակ դիրքորոշմամբ չի ֆիքսել՝ լավ, ի վերջո, ճի՞շտ են արել, որ այս մարդկանց սպանել են, թե սխալ են արել»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում այսօր էլ հայտարարում են, որ ոստիկանը կարող է մարդ սպանել: 

«Այսինքն՝ ՀՀ-ում ձեր ասած իրավունքների իրացման կոնտեքստ ընդհանրապես գոյություն չունի»,-ասաց Փաշինյանը: նա նշեց, որ Բռնության զոհերի կոնվենցիայում, որն ԱԺ-ն դեռ չի վավերացրել, հստակ ասվում է, որ եթե զոհ է դարձել, էական չէ  այս պահին կարողանո՞ւմ ես  արդյունավետ քննություն անես, թե ոչ, պետք է հարազատներին փոխհատուցես: «Այսօրվա իրավական կոնտեքստը դա իրացնելու հնարավորություն չի տալիս»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց Երեւանի կենտրոնում ցույց անող ընդդիմության նկատմամբ, զոհվեց 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 զինծառայող։ Մարդկանց զոհվելու համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։