Մայքլ Ջեքսոնի մահվան գործով վկաները Լոս-Անջելեսում դատարանին նկարագրել են փոփ-արքայի կյանքի վերջին ժամերն ու րոպեները եւ հայտարարել, թե նրան բուժող բժիշկ Մյուրրեյը խուճապի է մատնվել, բայց փորձել է առանց շտապօգնություն կանչելու գլուխ հանել: Այդ մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:

«Ջեքսոնի թիկնապահ Ֆահիմ Մուհամմադը դատարանում հայտարարել է, որ  նրան վերջին անգամ տեսել է բաց բերանով եւ բաց աչքերով պառկած, այն դեպքում, երբ նրան բուժող բժիշկը խուճապի մեջ փորձել է  վերակենդանացնել երգչին»,- հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Թիկնապահի ասելով, երբ Ջեքսոնը կորցրել է գիտակցությունը բժիշկ Մյուրրեյը գտնվել է դյուրագրգիռ վիճակում եւ հարցրել է, թե ներկաներից որեւէ մեկը գիտե՞ ինչպես սրտի մերսում անել Ջեքսոնին կյանք վերադարձնելու համար, այդուհանդերձ, նա, չգիտես ինչու, 911-ով  շտապօգնություն չի կանչել:

Մամուլի տեղեկություններով, Մուհամմադը դատարանին նաեւ հայտնել է, թե Ջեքսոնին մահացած հայտարարելուց մեկ ժամ էլ անցած չի եղել, երբ  նրա բժիշկը հայտարարել է, թե սոված է եւ լքել է ողբերգության վայրը:

Ջեքսոնի պարուսույց Քեննի Օրտեգան հաղորդել է, թե մահվանից առաջ վերջին օրերին փոփ-երաժշտության արքան իրեն շատ վատ է զգացել եւ խոսել է շատ ցածր ձայնով: Բայց նրա բուժող բժիշկը պատճառ չի գտել հյուրախաղերից առաջ նրա փորձերը դադարեցնելու համար:  Ավելին, Օրտեգայի խոսքով, ի պատասխան իր՝ Մայքլ Ջեքսոնի վատ ինքնազգացողության մասին դիտողության, բժիշկ Մյուրրեյը հայտարարել է, թե իր հիվանդի առողջական խնդիրները պարուսույցի գործը չեն եւ նա դրանց չպետք է խառնվի:

Նախնական լսումների արդյունքում  դատարանը պետք է որոշում ընդունի՝ որքանո՞վ են Ջեքսոնին բուժող անձնական բժշկի դեմ  ապացույցները ծանրակշիռ եւ արդյոք դրանք բավարա՞ր են Քոնրադ Մյուրրեյին որպես՝ քրեական հանցագործի, դատելու համար: