Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դեղատներից մեկում 2017թ.-ի փետրվարի 16-ին ուշ երեկոյան երիտասարդ աշխատակցին դանակահարելու մեջ մեղադրվող Խաչիկ Սարգսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանն իրեն սպասարկելու հարցի շուրջ վիճաբանել է դեղատան աշխատակցի հետ եւ դանակով հարվածել նրա կրծքավանդակի ձախ հատվածին: 

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Շենգավիթի նստավայրում դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալը: Նշենք, որ տուժող կողմը նույնպես միջնորդության դեմ չի առարկել՝ նշելով, որ ամբաստանյալից որևէ պահանջ չունի։

Դատարանը Խաչիկ Սարգսյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել  նախատեսված 4 տարվա ազատազրկման:

Ամբաստանյալի պաշտպանը դիմել է Վերաքննիչ՝ պահանջելով բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռն ու Խաչիկ Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով:

Նշենք, որ դանակահարված երիտասարդը Բժշկական համալսարանի ուսանող է:  Բժիշկներին հազիվ էր հաջողվել փրկել նրա կյանքը: