Ազգային վիճակագրական ծառայությունը հերթական անգամ, հրապարակելով 2010 թ. դեկտեմբեր ամսվա գնաճի վերաբերյալ տվյալները, չի արտահայտել նախաամանորյան թանկացումները։ Այսպես՝ պաշտոնապես հաղորդվել է, որ 2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 3.7% գնաճ, ինչը հեռու է իրականությունից։

Պաշտոնական վիճակագրության ոչ հավաստիության վառ ապացույց է ձվի գնի վերաբերյալ տեղեկատվությունը։ Պաշտոնապես՝ ձուն դեկտեմբերին թանկացել է ընդամենը 8,4 տոկոսով, այնինչ մենք գործ ունեինք մոտ 100 տոկոս գնաճի հետ։

Մսամթերքի ապրանքախմբում 2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ պաշտոնապես գրանցվել է 17.6%, իսկ 2010թ. նոյեմբերի համեմատ` 2.4% գնաճ:: Ընդ որում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Դիլիջանում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 2.7%-ով: Մսի շուկայում իրոք դեկտեմբերին համեմատական կայունություն էր, սակայն իրական գնաճը ակնհայտորեն բարձր է 2,4 տոկոսից։

Օրինակ՝ տավարի անոսկոր միսը դեկտեմբերին վաճառվում էր կգ-ը 3300 դրամով՝ մոտ 10 տոկոսով ավելի բարձր, քան նոյեմբերին։  

2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ կաթնամթերք ապրանքախմբում պաշտոնապես արձանագրվել է 21.1%, իսկ 2010թ. նոյեմբերի համեմատ` 2 % գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է մածունի 2.2%, «Չեդեր» տեսակի պանրի 2.2%, թարմ կաթի 2.3%, տնական (կովի կաթից) պանրի 4.2% գնաճով: հատկանշական է, որ ազգային վիճակագրությունը որպես հիմք է ընդունել ոչ թե ամենաշատ սպառվող «Լոռի» պանիրը, որի գծով էլ տեղի է ունեցել ամենաբարձր գնաճը, այլ քիչ հայտնի «Չեդերը»։

Սամվել Ավագյան