Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության համաձայն՝ 2010 թ. այդ երկիրը արտահանել է 160,5 հազար գլուխ ոչխար։ Ամենաշատ քանակությամբ ոչխարներ՝ 53,1 հազ. գլուխ, արտահանվել է դեպի Հայաստան, երկրորդ տեղում Իրանն է՝ 40,3 հազ. գլուխ։ Դեպի Ադրբեջան արտահանվել է 23,3 հազ. գլուխ ոչխար։ Նշվում է նաեւ, որ ոչխարների արտահանումը Վրաստանից 2009 թ. համեմատ նվազել է 40 տոկոսով։
Ոչխարը Վրաստանում արժե 120-180 լարի (24-37 հազ. դրամ)։
Ամենայն հավանականությամբ՝ Հայաստան արտահանված ոչխարները վերաարտահանվել են դեպի Իրան։ Նշենք, որ 2009 թ. պաշտոնական տվյալներով, Հայաստանից Իրան է արտահանվել 142 հազ. գլուխ ոչխար։ 2010 թ. տվյալները դեռ հրապարակված չեն, սակայն ենթադրվում է, որ արտահանված ոչխարների թիվն ավելի է 100 հազարից։





























