Շնորհիվ Երեւանի հետեւողական արտաքին քաղաքականության եւ դրա իրականացմանն ուղղված քայլերի՝ Հայաստանը միջազգային հանրության կողմից դիտվում է որպես հուսալի եւ կանխատեսելի գործընկեր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նրա խոսքով, 2010 թվականին ԱԳՆ-ն շարունակել է երկրի միջազգային հեղինակության բարձրացմանն  ուղղված եւ նրա դիրքորոշումը միջազգային հանրությանը ներկայացնելու իր աշխատանքը։ «Շնորհիվ կատարված աշխատանքի՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ հայկական կողմի դիրքորոշումը միասնական է դարձել միջազգային հանրւթյան  դիրքորոշման հետ»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ քայլեր են ձեռնարկվել նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործընկերության ինտենսիվացման ուղղությամբ։

Նրա խոսքով, շարունակվել են հայ-ամերիկյան համագործացության ակտիվացմանն ուղղված աշխատանքները, ինչին նպաստել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վաշինգթոն եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Երեւան։

Արդյունքում, ինչպես հայտնեց նախարարը, ստորագրվել են 70 միջազգային պայմանագրեր, Հայաստանի նախագահը 2010 թվականին կատարել է 22 արտասահմանյան այց։ Երեւան են այցելել այլ 6 պետությունների նախագահներ։ Ինքը՝ Նալբանդյանը, եղել է 24 երկրներում, խորհրդարանի խոսնակը կատարել է 9 այցելություն, իսկ վարչապետը՝ 6։

Նալբանդյանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շարունակում է մնալ Երեւանի օրակարգում, ինչի արդյունքում 2010 թվականին  տարբեր երկրներում անցկացվել են Ցեղասպանությանը նվիրված 40 միջոցառումներ։