Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում բնակարան ստացած անձանց հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը կվերսկսվի:
Քաղաքաշինության պետական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ այդ նպատակով դեռեւս Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (չսեփականաշնորհված) բնակարանները ՀՀ կառավարության 06.03.2018թ. N303-Ն որոշմամբ սահմանված ժամկետում՝ մինչեւ հուլիսի 1-ին տասնօրյակ, կփոխանցվի համապատասխան համայքներին, որպեսզի վերջիններս շարունակեն բնակարան ստացած անձանց հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը:
Նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվելու է՝ ապահովելով մինչեւ բնակարան ստանալն զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանի բնակությունից ազատման եւ քանդման հետ կապված ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների կատարումը: Պայմանագրերի նոտարական վավերացման եւ դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են նվիրառուների միջոցների հաշվին:
Որոշմամբ նախատեսվել է նաեւ նույն սկզբունքով եւ նպատակով համայնքներին հանձնել նաեւ ՀՀ պետական բյուջեի, Լինսի, «Ջոն եւ Կարեն Հանթսման», «Հայաստան» համահայկական հիմնադրամների եւ Ամերիկյան «Կարմիր խաչի» միջոցներով 2000-2004թթ. կառուցված բազմաբնակարան շենքերի՝ դեռեւս Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզպետարանների սեփականությունը հանդիսացող բնակարանները:



























