Կփաստագրվեն աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունները:
Քաղաքաշինության պետական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ փաստագրման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 29.03.2018թ. N361-Ն որոշմամբ, որի համաձայն փաստագրման ենթակա են աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված այն բոլոր ոչ հիմնական շինությունները, անկախ դրանց օգտագործման նշանակությունից (բնակության, առեւտրի, կենցաղային եւ այլ նպատակներով) եւ պատկանելությունից, որոնք նախատեսված չեն այդ տարածքների կառուցապատման նպատակով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով:
Փաստագրումը կարգի համաձայն պետք է իրականացվի համապատասխան համայնքների կողմից՝ մինչեւ հոկտեմբեր ամիս, եւ փաստագրման արդյունքներով ակնկալվում է ունենալ ոչ հիմնական շինությունների թվի, վիճակի եւ տեղաբաշխման վերաբերյալ ընդհանուր պատկերը:
Փաստագրումից հետո կազմված նյութերի հիման վրա կմշակվեն եւ սահմանված կարգով ՀՀ կառավարություն կներկայացվեն առաջարկություններ՝ աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու եւ փաստագրման արդյունքում ի հայտ եկած՝ քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ:



























