Կապանի մի շարք բնապահպանական կազմակերպություններ պատրաստվում են նամակով դիմել նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին` պահանջելով` թույլ չտալ կապանի Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հաղորդեց Կապանի ‹‹Խուստուփ›› բնապահպանական ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը:
«4-5 բնապահպանական հկ-ներով` «Մեղու», «Խուստուփ»,«Կիմի» եւ «Ազատամարտ» կոմիտեով կդիմենք նախագահին ու վարչապետին, կբացատրենք, որ դա կործանարար ազդեցություն կունենա ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկանց առողջության վրա եւ որպեսզի թույլ չտան, արգելեն հանքավայրի բաց եղանակով շահագործումը»,-ասաց Մարիտիրոսյանը` հավելելով, որ մեկ շաբաթվա ընթացքում նամակը կուղարկեն:
Բնապահպանը նաեւ նշեց, որ իրենք պահանջելու են հասարակական լսումներ ու քննարկումներ կազմակերպել հարցի առնչությամբ:
«Ժողովրդից չհարցնե՞ն, որ այդպիսի բան են անում, վերջիվերջո, մենք ենք այդ օդը շնչում, մենք ենք այստեղ ապրում»,-վրդովված նշեց Վլադիկ Մարտիրոսյանը:
«Խուստուփի» նախագահը չբացառեց, որ հնարավոր է Կապանում հանքավայրի բաց եղանակով շահագործման դեմ հանրահավաքներ կազմակերպվեն:
Նշենք, որ կառավարությունը հանքավայրը բաց եղանակով շահագործելու թույլտվություն դեռ չի տվել, սակայն բնապահպաններն արդեն իսկ անհանգստացած են:
«Մենք փորձում ենք կանխարգելել այդ նախագծի իրագործումը։ Փորձը ցույց է տալիս, որ քննարկումների ժամանակ արդեն բոլոր համաձայնությունները ձեռք են բերվում»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հաղորդել են երեւանյան բնապահպանական կազմակերպությունների ղեկավարը:





























