Թերթը գրում է, որ մինչ բազմաթիվ երկրներում արձանագրվում էր բարձր գնաճ, մեկ տասնամյակ շարունակ Հայաստանը գնաճային ցածր միջավայրում էր: Ավելին` այդ ցուցանիշով Հայաստանն առաջինն էր ԱՊՀ երկրների շարքում:

Վիճակը փոխվեց տնտեսական ճգնաժամից հետո, երբ Հայաստանը հայտնվեց բարձր գնաճային միջավայրում: Չնայած այդ երեւույթը նկատվեց նաեւ համաշխարհային տնտեսության մեջ, այնուհանդերձ շատ ավելի մեղմ դրսեւորում ստացավ:

1997-2007թթ. Հայաստանում միջին գնաճը կազմեց ընդամենը 3,2 տոկոս:

Վերջին երկու տարիներին վիճակը կտրուկ փոխվեց: Հայաստանը գնաճի բարձր մակարդակով հայտնվեց ԱՊՀ երկրների առաջատարի դիրքում: 2009թ. այն կազմեց 6,7 տոկոս` նախատեսված մակարդակի վերին սահմանը գերազանցելով 1,2 տոկոսով: Գնաճային միտումները խորացան նաեւ հաջորդ տարվա ընթացքում:

Չնայած այն պնդումներին, որ Հայաստանն այլեւս դուրս է եկել ճգնաժամից, այնուհանդերձ արդեն 2010թ. գնաճը Հայաստանում հասավ վերջին 15 տարիների համար աննախադեպ բարձր մակարդակի: Այն կազմեց 9,4 տոկոս` գրեթե կրկնակի գերազանցելով նախատեսված մակարդակը:

Ընդ որում, արձանագրված բարձր գնաճը, ըստ էության, էական ազդեցություն չթողեց նաեւ տնտեսության զարգացման վրա: Ավելի քան 14 տոկոս անկումից հետո, անցած տարի տնտեսական աճը Հայաստանում կազմեց ընդամենը 2,5 տոկոս: Մինչդեռ ժամանակին ցածր գնաճային միջավայրը համարվում էր տնտեսական աճի հիմնական խոչընդոտներից մեկը: Այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատվածում (խոսքը 2000թ. հաջորդած 7-8 տարիների մասին է) Հայաստանում արձանագրվում էր երկնիշ տնտեսական աճ:

Չնայած ձեռնարկած քայլերին, այնուհանդերձ կառավարությանն ու Կենտրոնական բանկին այդպես էլ չհաջողվեց կանխարգելել գնաճի բարձր մակարդակը: Ընդ որում, երբեմն այդ քայլերն իրականացվում են տնտեսական աճին խոչընդոտելու հաշվին: Կենտրոնական բանկը չափազանց բարձր մակարդակի վրա է պահում վերաֆինանսավորման տոկոսադրույքը` թանկացնելով տնտեսության մեջ մտնող ֆինանսական միջոցները:

Մյուս կողմից` կառավարությունն ամեն կերպ փորձում է գնաճին միջամտել զսպողական բյուջետային քաղաքականությամբ: Մի բան, որը եւս իր բացասական ազդեցությունն է ունենում տնտեսության վրա` առաջ բերելով դրամական միջոցների, այսպես ասած, սով:

Այս քաղաքականության հետեւանքով արդեն անցած տարվա կեսերից տնտեսական աճը Հայաստանում սկսեց նվազել: Չլուծվեց նաեւ բարձր գնաճի խնդիրը: Որքան էլ պատկան կառույցները հայտարարում էին, որ իրենց կհաջողվի գնաճը վերադարձնել նախատեսված մակարդակի վերին սահմանին մոտ, այնուհանդերձ դա տեղի չունեցավ:

Սակայն որեւէ մեկը կարծես չի ուզում պատասխան տալ դրա համար, ինչպես եղավ 2009թ. դեպքում: Ստացվում է, որ կառավարությունն ու Ազգային ժողովը սահմանում են ցուցանիշներ, որոնց չկատարումն այդպես էլ որեւէ պատասխանատվություն չի ենթադրում: