Ինքնանպատակ չէ վարչապետի թեկնածու առաջադրել, նպատակն է երկիրը մղել առաջ՝ օգտագործելով ստեղծված իրավիճակը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, ցանկացած նման ճգնաժամային իրավիճակ նաեւ նոր հնարավորությունների ճանապարհ է բացում:
«Քաղաքական ճգնաժամից ելքը միայն քաղաքական եղանակով է հնարավոր, որովհետեւ դա կարող է դառնալ վտանգավոր նախադեպ: Պատկերացրեք՝ Նիկոլ Փաշինյանը դառնում է վարչապետ եւ մի քանի ամիս հետո հասարակության մի մասը համարելով, որ իրենց ակնկալիքները չարդարացան, հայտնվում է դարձյալ փողոցում եւ պահանջում է հրաժարական: Այս պրոցեսը կարող է դառնալ պերմանենտ, եթե քաղաքական հարթակից դուրս է գալիս: Դրա համար ենք պնդում, որ ժողովրդի համար է անհրաժեշտ, որ պրոցեսը գնա քաղաքական հարթակում»,-ընդգծեց Դավիթ Հարությունյանը:
Նա իսպառ բացառեց ուժային լուծումը, եթե խոսքը վերաբերում է խաղաղ ցույցերին:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:
Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:
Իշխանության մենաշնորհումը դարձավ բողոքի ցույցերի պատճառ․ Դավիթ Հարությունյան




























