Երեւանում եւ մարզերում ցուցարարները փակել են բազմաթիվ փողոցներ՝ շարունակելով քաղաքացիական անհնազանդության ակցիաները։

Այս պահի դրությամբ, փակվել են Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Պուշկին, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկներ, Բարեկամություն-Կիեւյան խաչմերուկը, Ֆրանսիայի հրապարակը, Հանրապետության հրապարակը, «Հայրենիք» կինոթատրոնի հրապարակը, դեպի Արարատ տանող ճանապարհը, Աշտարակ-Երեւան մայրուղին։ Ակցիաներ են նաեւ Չարբախում, այլ թաղամասերում։

Ինքը՝ Փաշինյանը այսօր երթ է իրականացնելու, ժամը 17:00-ից Ֆրանսիայի հրապարակից քայլելու են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին տեղի է ունենալու մեր հանրահավաքը։

Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ կոչ էր արել ապրիլի 29-ին եւ 30-ին նոր թափով վերսկսել ակցիաները, իսկ մայիսի 1-ին, երբ ԱԺ-ն վարչապետ է ընտրելու, վաղ առավոտից հեղեղել Երեւանի փողոցները։

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: