«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կանխատրամադրվածություն կա, որ չեն խոչընդոտի ժողովրդի թեկնածուի ընտրությանը:
«Կա կանխատրամադրվածություն, որ Հանրապետական խմբակցությունը չխոչընդոտի ժողովրդի թեկնածուի ընտրությանը: Որոշակի պայմանավորվածություն ձեռք կբերվի դրա շուրջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով այն մտահոգություններին, որ կարող է ՀՀԿ-ն տապալել ընտրությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով, Փաշինյանն ասաց. «Ես արդեն ասացի, որ կանխատրամադրվամությունը այդպիսին չէ, այնպիսին է, որ ժողովրդի թեկնածուն ընտրվի վարչապետ»:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:




























