Վիգեն Սարգսյանի փոփոխության հարց դրվելո՞ւ է, բանակի վերաբերյալ նրա առաջարկած ծրագրերը`«Ես եմ», «Պատիվ ունեմ», որոնք քննադատվեցին հասարակական որոշակի շրջանակներում, կասեցվելո՞ւ են...
Ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօ՝ր ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ չցանկացավ պատասխանել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետագա պաշտոնավարման մասին հարցին:
Դիտարկմանը, թե եթե ինքը դառնա վարչապետ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի փոփոխության հարց դրվելո՞ւ է, բանակի վերաբերյալ նրա առաջարկած ծրագրերը`«Ես եմ», «Պատիվ ունեմ», որոնք քննադատվեցին հասարակական որոշակի շրջանակներում, կասեցվելո՞ւ են, ընդհանրապես պաշտպանական ոլորտում ինչ է նախատեսում, Նիկոլ Փաշինյանը միայն արձագանքեց. «Ես այդ հարցերին ժամանակին կպատասխանեմ, շնորհակալություն»:
Նա ընդգծեց, որ այս պահին գլխավոր խնդիրը համաժողովրդական վստահության պայմաններում նորմալ աշխատանքային մթնոլորտ ձեւավորելն է, եւ ինքը պատրաստ է այդ հարցում աշխատել բոլորի հետ:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:




























