Եթե դուք ընտրվեք վարչապետ ու որոշ ժամանակ անց այլ ուժեր, այլ խնդիրներով բողոքի ակցիաների դուրս գան ձեր դեմ ու նրանց թվում լինեն նաեւ Ձեր երեխաները, ինչպե ՞ս դուք դրան կվերաբերվեք: Ազգային ժողովում, այսօր՝ մայիսի 1-ին, վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին նման հարց ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանը: «Անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցել են բազմաթիվ անչափահասներ: Եթե դուք ընտրվեք վարչապետ ու որոշ ժամանակ անց այլ ուժեր, այլ խնդիրներով բողոքի ակցիաների դուրս գան ձեր դեմ ու նրանց թվում լինեն նաեւ Ձեր երեխաները, ինչպե ՞ս դուք դրան կվերաբերվեք: Ձեր գնահատականը դպրոցների տնօրեններին եւ ցույցերի կազմակերպիչներին»,-ասաց նա:
Փաշինյանն ի պատասխան նշեց. «Երբ սկսել է ղարաբաղյան շարժումը, ես եղել եմ 13 տարեկան: Լինելով դպրոցական այդ օրերին կազմակերպել եմ դասադուլներ, երթեր, ցույցեր: Իմ երեխաները իմ քաղաքական գործունեության ընթացքում մասնակցել են շատ ակցիաների եւ դա համարում եմ քաղաքացիական շատ հզոր դպրոց իրենց համար: Մեր շարժման ամենահզոր շերտերից մեկը համարում եմ աշակերտներին: Սա նշանակում է, որ այսօր տեղի ունեցածի հիշողությունը չի կորելու, դա կմնա նրանց հիշողության մեջ առնվազն հարյուր տարի։ Ես ողջունում եմ աշակերտների ակտիվությունը եւ համոզված եմ, որ դա կշարունակվի մինչեւ այս պրոցեսի վերջնական ավարտը: Այդ պրոցեսները միայն դրական դերակատարում կունենան աշակերտների դաստիարակության գործում որպես անհատականություն, որպես մարդ»:
Ռուզան Մուրադյանը նկատեց, որ դրանով վտանգվում է աշակերտների անվտանգությունը, ինչին փաշինյանը հակադարձեց. «Իմ աչքի առաջ եկան կադրերը, երբ երեխաները ծնողների հետ միասին, մարզպետների որոշմամբ քշվում էին Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներին «Առաջ Հայաստան» փուչիկները ձեռքներին բռնած: Որտե՞ղ էր այս մտահոգությունը ՀՀԿ-ի նախընտրական հավաքների ժամանակ: Մենք ոչ մի երեխայի ստիպողաբար որեւէ տեղ չենք տարել: Երեխաներն ունեն իրավունքներ եւ այսուհետ ոչ մի դպրոց չի համարձակվի երեխաներին պահել կողպած դռներով դասարաններում: Սա ես ձեր երաշխավորում եմ»:
Դրանից հետո ձայն խնդրեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ ասաց. «Ես կօգտագործեմ այն, ինչ ձեզնից սովորել եմ, 10 րոպեով կլքեմ դահլիճը, որպես բողոք այն հայտարարության, որ դուք արեցիք երեխաների վերաբերյալ: Հուսով եմ հետո միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են երեխաների իրավունքներով, ձեզ կբացատրեն՝ որտեղ է ձեր սխալը և եթե ընտրվեք վարչապետ, այլևս երբեք նման բառեր չկրկնեք: Ես չեմ ակնկալում պատասխան»: Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Հույս ունեմ տաս րոպեից, այնուամենայնիվ, կվերադառնաք»:




























