Որեւէ կասկած չի կարող լինել, որ Արցախի եւ Հայաստանի անվտանգության ապահովման հարցերում ամբողջ հայ ժողովուրդը միասնական է, եւ ես չեմ կարծում, որ որեւէ մեկը ճիշտ կվարվի, եթե դրանում համոզվելու գայթակղություն թույլ տա իրեն: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին գումարված ԱԺ հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, հայտարարեց վարչապետի թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր խոսքում նշեց, որ մտահոգիչ տեղեկություններ է կարդում համացանցում, որ անգամ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորներն առաջարկում են Ղարաբաղի հարցով հատուկ նիստ անել. «Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանի եւ Արցախի դեմ ռազմական արկածախնդրության ցանկացած փորձ հանդիպելու է համախմբված հայ ժողովրդի դիմակայությանը, այդտեղ չի գործելու որեւէ քաղաքական բաժանում: Սա մեր հակառակորդը պետք է լավ իմանա»:
Նա Նիկոլ Փաշինյանին առաջարկեց հարցերին պատասխանելուց հետո խոսել Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի, Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ, տեղեկանալ այս պահին ռազմական իրավիճակի մասին եւ իր եզրափակիչ ելույթում տեղեկացնել ԱԺ պատգամավորներին:
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «100 տոկոսով պաշտպանում եմ ձեր նախաբանում հնչեցրած միտքը: Երկրորդ կարծիք լինել չի կարող: Մենք բոլոր ելույթներում հաստատել ենք, որ որեւէ կասկած չի կարող լինել, որ Արցախի եւ Հայաստանի անվտանգության ապահովման հարցերում ամբողջ հայ ժողովուրդը միասնական է, եւ ես չեմ կարծում, որ որեւէ մեկը ճիշտ կվարվի, եթե դրանում համոզվելու գայթակղություն թույլ տա իրեն: Ինչ վերաբերում է իրավիճակին. այդ իրավիճակները լիցքաթափելու եւ իրավիճակը կառավարելու լավագույն լուծումն այն է, որ այստեղ մենք ոչ թե խորացնենք ներքաղաքական ճգնաժամը, այլ հասնենք հանգուցալուծման: Ես հաշվի կառնեմ ձեր առաջարկը եւ կփորձեմ հասկանալ, թե ինչ է կատարվում: Եթե անհրաժեշտ լինի, կտեղեկացնեմ նաեւ Ազգային ժողովին»:
Փաշինյանն ասաց, որ իրականում ինքը որոշակի տեղեկություն ունի եւ ուզում է բոլորին հորդորել, որ պետք չէ հապճեպ հետեւություններ անել. «Պետք է լիարժեք սառնասրտություն ցուցաբերել եւ որեւէ ձեւով մեր հակառակորդին թույլ չտալ չմտածել, թե մենք գտնվում ենք ցայտնոտային իրավիճակում: Ես համոզված եմ, որ իրավիճակը 100 տոկոսով վերահսկվում է, որ իրավիճակը 100 տոկոսով կշարունակի վերահսկվել, առավել եւս՝ այն պարագայում, երբ մենք այսօր կհասնենք ճգնաժամի հաղթահարման կոնկրետ լուծման»:
Նա նաեւ հավելեց, որ այն ոգեւորությունը, որ հիմա կուտակված է հայ ժողովրդի մոտ, անհրաժեշտության դեպքում լիարժեքորեն կծառայի Արցախի եւ Հայաստանի անվտանգության ապահովմանը:




























