Լատվիան ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ղարաբաղյան բանակցային գործընթացին եւ որեւիցե նպատակ չունի խանգարելու այդ գործընթացին: Այս մասին հայտարարել է Լատվիայի ԱԳՆ երկկողմ հարաբերությունների վարչության տնօրեն Յանիս Զլամեցը, պատասխանելով Լատվիայի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հռչակագրում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տեղ գտած մի շարք աղավաղված ձեւակերպումների մասին հարցը:

Լատվիացի բարձրաստիճան դիվանագետը նաեւ հավելել է, որ իր երկրի դիրքորոշումը ամբողջովին համընկնում է ԵՄ դիրքորոշմանը, որը տարբեր առիթներով արտահայտվել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ընդհանուր արտաքին եւ պաշտպանական միասնական քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթին Էշթոնի կողմից, առ այն որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի կանոնադրության եւ միաջազգային իրավունքի  ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

Եզրափակելով լատվիացի բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ Լատվիան միացել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հելսինկյան եւ աթենքյան հայտարարություններին, ինչպես նաեւ Աստանայի հռչակագրին, որտեղ ամեն ինչ հստակ ամրագրված է: