Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Քուրցը կարծում է, որ Եվրահանձնաժողովի ներկայացրած ԵՄ հեռանկարային բյուջեի նախագիծը, չնայած մի քանի դրական պահերի առկայությանը,  ամենեւին ընդունելի որոշում չէ: Նա այսպիսի կարծիք է հայտնել Twitter-ի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Չնայած ԵՄ նոր բյուջեի վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկը պարունակում է արդիականացման ճանապարհին մի քանի դրական քայլեր, ամենեւին ընդունելի որոշում չէ»,- գրել է Քուրցը՝ նշելով, որ Brexit-ից հետո ԵՄ-ն պետք է առավել տնտեսող եւ արդյունավետ լինի:

 

ԵՀ-ն չորեքշաբթի ԵՄ հեռանկարային բյուջեի նախագիծ էր ներկայացրել հաջորդ յոթամյա բյուջետային շրջանի՝ 2021-2027 թվականների համար, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո:

ԵՄ բյուջեն ավարտվող յոթամյա շրջանում՝ 2014-2020 թվականներին, կազմում է 1087 մլրդ եվրո, ըստ որում՝ 2021-2027 թվականների բյուջեի նախագծում Եվրահանձնաժողովը ցանկանում է այն մեծացնել մինչեւ 1279 մլրդ եվրո: