ԱՄՆ-ն Աթ Թանֆայի եւ Էր Ռուքբանի փախստականների ճամբարների շրջանում գրոհայիններ է պատրաստում Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները շարունակելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Շրջանում, որն ամերկացիները միակողմանի կարգով իրենց գոտի են հայտարարել, ԱԹ Թանֆայի շրջանում եւ Էր Ռուքբանի փախստականների ճամբարում անչափ սարսափելի բաներ են կատարվում, ներառյալ այնտեղ ընթացող գրոհայինների պատրաստումը՝ այն նպատակով, որ նրանք ռազմական գործողությունները շարունակեն, չնայած հրադադարի մասին համաձայնությանը»,- ասել է Լավրովը իր հորդանանցի գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
Մարտի սկզբին Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ գլխավորությամբ նեղ խումբը գրոհայինների օգնությամբ Սիրիան փլուզելու ծրագրեր ունի: «Մենք ավելի մեծ վկայություններ ունենք, որ մեր արեւմտյան գործընկերները, առաջին հերթին Միացյալ Նահանգները, կցանկանային այդ «Ջեբհաթ ան Նուսրային», որը հիմա իր անվանումը փոխում է, սակայն դրանից նրա էությունը չի փոխվում, հանել հարվածի տակից եւ պահպանել ավելի ու ավելի հրապարակային դարձող ծրագրի դեպքում «Բ» ծրագրին վերադառնալու համար, այսինքն՝ փորձեն Դամասկոսում ռեժիմը փոխել»,- ասել է նա:



























