Հունվարի 17-ի դրությամբ Հայաստանում ապահովագրված են ավտոմեքենաների 65 տոկոսը կամ 265 հազ. ավտոմեքենա։ Այդ մասին այսօր՝ հունվարի 18-ին կայացած ասուլիսում լրագրողներին ասացին ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության ու ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանը եւ Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

Ժամանակավոր ապահաշվառվել է մոտ 10 հազ. ավտոմեքենա։ Վ. Վարդանյանի խոսքով՝ հունվարին օրական ապահովագրվում է 7-10 հազ. ավտոմեքենա։ Սակայն նա հերքեց այն լուրերը, որ ապահովագրվելիս ապահովագրական ընկերությունները պարտադիր տուգանում են ուշացման համար (ապահովագրման վերջնաժամկետը 2011 թ. հունվարի 10-ն էր)։ «Տուգանելը ճանապարհային ոստիկանության գործառույթն է, ոչ թե ապահովագրական ընկերության»,- ասաց ԿԲ պաշտոնյան։

Ըստ ԿԲ կանխատեսումների՝ առաջիկա շաբաթներին կապահովագրվեն մեքենաների 80-85 տոկոսը, ինչը շատ բարձր ցուցանիշ է։