Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
Կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ կարեւորել խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ Սահմանադրության եւ օրինականության շրջանակներում:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին եւ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքներին:
Պարոն Յագլանդն իր հերթին ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու օրենսդրական բարեփոխումներին:
Նախագահ Սարգսյանը հրավիրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ իրեն հարմար ժամկետներում այցելել Հայաստան:




























