Հայաստանի դեռեւս իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ մինչեւ վերջ առեւտուր կանեն: Մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանին հանրապետականները կարող են պետք լինել ոչ միայն վարչապետ ընտրվելիս, այլեւ Հայաստանի Ընտրական օրենսգրքի հետագա բարեփոխման ժամանակ: Քաղտեխնոլոգը հիշեցրեց որ Փաշինյանը բազմիցս հայտարարել է որ ընտրական օրենսդրությունը փոփոխությունների կարիք ունի, մասնավորապես՝ չի բացառել նաեւ ռեյտինգային համակարգից ամբողջովին հրաժարվելը: Այս փոփոխությունները պետք է ստանան խորհրդարանի աջակցությունը, որտեղ հանրապետականները մեծամասնություն ունեն: Ավելին, ըստ Քոչարյանի, եթե ընդունենք, որ Փաշինյանին ընտրելիս իրենց ձայները կտան, ասենք, 10 հանրապետականներ, ապա երաշխիք չկա, որ նույն 10 պատգամավորները կաջակցեն նրա ընտրական օրենսդության փոփոխությունների նախաձեռնությանը:

Այսպիսով՝ բողոքի շարժման առաջնորդը ստիպված կլինի իր իշխանությունը նվաճել մետր առ մետր: «Մենք չենք կարող ասել, թե այդ առեւտուրն ինչպես կընթանա, եւ Փաշինյանը փոխարենը հանրապետականներին ինչ կառաջարկի: Իշխանության ապագա կառուցվածքի ձեւավորումը ամենօրյա վիթխարի աշխատանք է, որն ամիսներ կտեւի»,- հավելեց քաղտեխնոլոգը:

Կարեն Քոչարյանի համոզմամբ՝  Հայաստանում այլեւս չի լինի նախկին հասարակական-քաղաքական եւ տնտեսական դրվածքը: Դրանից զատ, չի լինի բիզնեսի եւ իշխանության սերտաճում, համենայնդեպս՝ այն հասկացողությամբ, որով եղել է Սերժ Սարգսյանի օրոք:

Քոչարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ Սարգսյանի դեմ փողոց դուրս եկած մարդիկ մի գեղեցիկ օր իր դեմ դուրս կգան, որ հին ու հուսալքված սերունդին փոխարինել է նորը, որը ճանաչել է հեղափոխության համը: