Հարավային Կորեայի կառավարության չորս ներկայացուցիչները` պաշտպանության նախարար Սոն Յուն Մուն, արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան, միավորման հարցերով նախարար Չո Մյոն Գուն եւ օվկիանոսագիտության եւ ձկնորսության նախարար Կիմ Յոն Չուն այցելել են երկու կղզիներ` այսպես կոչված «հյուսիսային սահմանագծում», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով «Ռենխապ» գործակալությունը:
Այցի նպատակը միջկորեական գագաթաժողովում «հյուսիսային սահմանագծի» ( Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ փաստացի ծովային սահմանը) շրջանը խաղաղության գոտու վերածելու մասին ձեռք բերված պայմանավորվածության կապակցությամբ Յոնփհենդո եւ Պեննյոնդո կղզիներում բնակվող բնակչության դիրքորոշումը պարզելն է: Այս որոշումը թույլ կտա կանխել պատահական զինված բախումները եւ կապահովի ձկնորսության անվտանգությունը:
Ներկայիս «հյուսիսային սահմանագիծը» Կորեական պատերազմից հետո միակողմանիորեն անցկացվել էր ԱՄՆ-ի հրամանատարության կողմից: Հյուսիսային Կորեան չի ճանաչում նման սահմանագծման արդարացիությունը եւ վիճարկում է որոշակի տարածքների պատկանելիության իրավունքը:
2010 թվականին ԿԺԴՀ-ի զինված ուժերի կողմից Յոնփհենդո կղզին գնդակոծվել էր, ինչի հետեւանքով զոհվել էր Հարավային Կորեայի երկու զինվոր, 17-ը՝ վիրավորվել:




























