Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անձնական խոհարար Սեգեւ Մոշեի դեմ են դուրս եկել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին մատուցած աղանդերի պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մոշեն մատուցել է շոկոլադը երկաթե կոշիկում։ Ճապոնացի եւ իսրայելցի դիվանագետները ցնցված էին խոհարարի արարքով։
«Դա հիմար եւ ոչ ադեկվատ որոշում էր»,-բացատրում է իսրայելցի դիվանագետներից մեկը։
Ճապոնական մշակույթում չկա ավելի քամահրելի իր, քան կոշիկն է։ Նրանք ոչ միայն կոշիկներով տուն չեն մտնում, այլ նրանց կոշիկներով չեն տեսնում նաեւ գրասենյակներում։ Սա նույն է, ինչ հրեաներին շոկոլադ մատուցեն խոզի կաղապարով։
«Ոչ մի երկիր կոշիկը սեղանին չի դնում։ Ինչի՞ մասին է մտածել տխրահռչակ խոհարար Սեգեւը։Եթե ենթադրվում էր, որ դա կատակ էր, ապա մենք այն ծիծաղելի չենք համարում»,-իր հերթին հայտնել է ճապոնացի դիվանագետներից մեկը։
Ո՛չ իսրայելցի վարչապետը, ո՛չ նրա խոհարարը չեն մեկնաբանել տեղի ունեցածը։
Սինձո Աբեն մայիսի 2-ին Իսրայել է ժամանել պաշտոնական այցով։





























