Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ձեր բազմամյա պետական գործունեությունը, հարուստ քաղաքական փորձն ու ի շահ Ռուսաստանի բարգավաճման եւ երկրի քաղաքացիների բարօրության՝ նախանշված նպատակներին հասնելու հետեւողականությունը արժանացրել են Ձեզ բարձր հեղինակության եւ հայրենակիցների խորը հարգանքին:

Այսօր ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր հսկայական անձնական ավանդը մեր երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում՝ միջպետական փոխգործակցության ողջ սպեկտրով, ներառելով համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, ռազմա-տեխնիկական, գիտական, հումանիտար եւ այլ ոլորտներում:

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը եւ հետեւողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցում:

Ցանկանում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջ առողջություն եւ նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն եւ բարգավաճում»: