Շուշիի ազատագրումը բեկումնային եղավ Արցախյան ազատամարտի համար, դրանից հետո սկսվեցին միայն հաղթանակները: NEWS.am-ի հետ զրույցում «Արարատ» ջոկատի կազմում Շուշիի ազատագրմանը մասնակցած Արամ Պողոսյանը:

«Մինչեւ այդ մենք նեղն էինք, Շուշիից Ստեփանակերտ անընդհատ խփում էին, ռմբակոծում էին, իսկ դրանից հետո միայն առաջխաղացում եղավ եւ հաղթանակը հասավ իր վերջնական  փուլին: Այդ հաղթանակը իրականություն դարձավ մեր հրամանատարների կամքի, միասնության  շնորհիվ»,- պատմեց նա:

Արամ Պողոսյանի խոսքով՝ իրենց ջոկատը ամենադժվար ուղղություններից մեկով է իրակյանացրել հարձակումը. «Մենք Քարին տակ ուղղությամբ ենք գնացել, ժայռերի վրայով, շատ դժվար էր, որ նույնիսկ չէին էլ պատկերացնում որ այդ ուղղությամբ կարելի է հարձակում լինի: Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ մինչեւ առավոտ բարձրացել ենք, առավոտ շուտ սկսել գործողությունը: Օրվա կեսին համարյա ազատագրեցինք  Շուշին: Մտել ենք քաղաք, արդեն թուրքերը փախել էին, ու եկեղեցու մեջ իրենց սնարյադներն էին թողել»:

Արամ Պողոսյանը նշեց, որ իրենց ջոկատը 29 մարտիկ է ունեցել եւ գործողության ժամանակ իրենց ջոկատից զոհեր չեն եղել, 2 հոգի վիրավորվել են միայն: Իրենց հաղթանակը, ազատամարտիկի խոսքով, շատ մեծ ցանկության արդյունքում իրականություն դարձավ:

«Մենք հաջողեցինք, քանի որ ցանկություն կար, դարերով եկած ոխը հանելու,  եւ կարծես շանս էր տրվել այդ ժամանակ, ու էն ժամանակ մարդիկ մի ուրիշ ձեւ էին իրար սիրում  եւ սերը տանում է հաղթանակի: Շատ մեծ տոնախմբություն է Շուշիի ազատագրումից հետո եղել, սակայն մենք դրան էլ չկարողացանք մասնակցել»,- ասաց նա:

Արամ  Պողոսյանը պատմեց, որ Շուշին ազատագրելուց հետո իրենք թշնամու համար միջանցք ենթողել, որպեսզի կարողանան դուրս գալ:

Շուշիի ազատագրման գործողությունն իրականացվել է 1992 թվականին 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը:

1991թ. նոյեմբերից մինչեւ 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետեւանքով զոհվել է 111 եւ վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել 370 բնակելի տուն եւ շինություն:

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։ Այն տեւել է 26 ժամ եւ մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր:

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: