Սրա մասին մենք զգուշացնում էինք նախընտրական փուլում, դրա առաջին քայլերն են անում ադրբեջանցիները։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9–ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հատելուն և հայ կնոջ վրա կրակելուն։
«Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան, սա կրկնվելու է ավելի մեծ թափով։ Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել մեր հերոս հայ կնոջը, որ հույսը չդրեց Փաշինյանի կառավարության վրա, անձամբ պաշտպանեց իր երեխաներին, իր ընտանիքը։ Մենք անպայման մեր ձևով էլ աջակցություն կցուցաբերենք այդ հերոս կնոջ ընտանիքին։
Առաջին հերթին պետք է այդ հանցագործը օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տա, և ամեն ինչ անեն, որ օգտագործեն այսպիսի հանցագործներին մեր գերիներին այնտեղից վերադարձնեն»,–ասաց նա։
Անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողի հետագա ճակատագրին, Սամվել Կարապետյանն ասաց. «Իմ պատկերացմամբ, մի հատ կգուրգուրեն, կփայփայեն, հետո մի հատ շարադրություն գրող ունեն, կնստեն իրար կողք, մի հատ հետաքրքիր շարադրություն կգրեն, կտան ադրբեջանցու ձեռքը։
Շարադրություն գրողը եկել է, շարադրության թեման էլ լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը։ Կտան էս մարդուն, կտանի, կհասցնի տեղ, ինչպես արեցին Արցախի հետ։ Արցախն էլ շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հրապարակային հայտարարություն է արել՝ առաջարկելով գործարար Սամվել Կարապետյանի հետ նստել և ուղիղ եթերում հայերեն շարադրություն կամ թելադրություն գրել. Այս առաջարկը հնչել է քաղաքական հարթակում տեղի ունեցած փոխադարձ արձագանքների և քննարկումների ֆոնին։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:
Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը:
Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:
Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը NEWS.am—ին պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները: Իսկ երբ նա ցանկացել է վերալիցքավորել ինքնաձիգը, հայ կինը դանակով հարվածներ է հասցրել նրան։ Երբ մայրն ուշաթափվել է, որդին է բռունքով հարվածել ադրբեջանցի զինծառայողի գլխին, որի հետևանքով էլ կոտրվածք է ստացել դաստակի հատվածում։




























