Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները մայիսի 9-ին Լոնդոնի ICE բորսայում 2014-ի նոյեմբերից հետո առաջին անգամ անցել են բարելի դիմաց 77 դոլար նշաձողը։ Այս մասին են վկայում բորսայի տվյալները, հայտնում է ՌԲԿ-ն։
Ժամը 11։13-ին նավթի բարելի արժեքը բարձրացել էր մինչեւ 77․17 դոլար, իսկ 10։29-ի դրությամբ այն կայունացել էր 76․99 դոլարի մակարդակի վրա, ինչը 2․78 տոկոսով բարձր է, քան սակարկությունների մեկնարկի պահին։ Թանկանում է նաեւ նավթի WTI թեքսասյան ապրանքանիշը, որի հուլիսյան ֆյուչերսները բարձրացել են ու հասել 71․11 դոլարի՝ 2014-ի նոյեմբերի մակարդակին։ Ժամը 11։33-ին մոտ WTI-ի ֆյուչերսները նվազել են մինչեւ 70․94 դոլար՝ գրանցելով 2․65 տոկոսի աճ։
Նավթի գների աճը դիտարկվում է Իրանի հետ «միջուկային գործարքից» ԱՄն-ի դուրս գալու ֆոնին։ «Կարճաժամկետ հեռանկարում թվում էր, թե աշխարհքաղաքական մտավախությունների ազդեցությունը հումքի շուկայի վրա սահմանափակ կլինի։ Բայց դրանով այս պատմությունը չի ավարտվում»,- ասել է Mitsubishi UFJ Morgan Stanley Securities ընկերության ներդրումային հարցերով ավագ մասնագետ Նորիխիրո Ֆուջիտոն։ «ԱՄՆ պատժամիջոցները կարող են ազդել տարբեր ինդուստրիաների վրա։ Նաեւ ավելանում է լարվածությունը Իսրայելի ու Իրանի միջեւ։ Նրանք կսկսեն նվազեցնել բաժնետոմսերի գները»,- հավելել է Ֆուջիտոն։





























