«Սասնա ծռերը» պետք է անհապաղ ազատ արձակվեն եւ հետագայում արդարացվեն: NEWS.am-ի հետ զրույցում «Սասնա ծռերի» գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրեց, թե ինչ ընթացակարգով պետք է ընթանա «Սասնա ծռերի» անդամների ազատ արձակումը:
«Խմբավորման անդամների խափանման միջոցը նախ պետք է անհապաղ փոխվի եւ նրանք պետք է ազատ արձակվեն: Հետագայում իրավական ճանապարհով գործի լուծումը բնականաբար կտրվի: Որպես առաջին քայլ այս փուլում որպես ապստամբներ, որպես քաղբանտարկյալներ խափանման միջոցը պետք է փոխվի: Ես կարծում եմ, որ Արտուշ Գաբրելյանը հաջորդ նիստին արդեն խափանման միջոցը փոխելու որոշումները ձեռքին պետք է գա դատարան, իսկ եթե դա չանի մենք ինքներս կներկայացնենք միջնորդությունները»,-ասաց փաստաաբանը:
Փաստաբանը նշեց, որ նույնիսկ մեղադրանք առաջադրող մարմինը լուրջ չի վերաբերում «Սասնա ծռերին» առաջադրված մեղադրանքին. «Գրեթե բոլորին կոլեկտիվ մեղադրանք է նախաքննական մարմինը առաջադրել, միայն 1-2 դեպք կա, որը բացառապես հիմնված է գուշակությունների եւ ենթադրությունների վրա՝ոստիկանների մահվան հետ կապված: Ոչ ոքի համար գաղտնիք չի, որ «Սասնա ծռերի» անդամներին իրավապահների հսկողությանը հանձնելուց մեկ օր անց Սերժ Սարգսյանը խոսում էր անձնական վրեժխնդրության մասին եւ դա բոլորը գիտեին: Հիմա Սերժ Սարգսյանի իշխանությունը չէ, նրա հրամանը չկա եւ դատարանները ստիպված չեն իրենց պաշտոնը պահելու համար կատարել նրա հրահանգը եւ ընդամենը այս փուլում պետք է փոխել խափանման միջոցը»:
Փաստաբանի կարծիքով «Սասնա ծռերի» գործով պետք է գործի հիմքում դրվի գործողության իրականացման դրդապատճառը, այսինքն ինչո՞ւ են նրանք դիմել այդ քայլին:
«Սա իրավաքաղաքական գործ է եւ բացարձակ օբյեկտիվ քննություն է անհրաժեշտ իրականացնել եւ, ի վերջո, արդարացնել նրանց»,- ասաց նա:
Նշենք, որ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով:





























