Գերմանիան գործընկերների հետ քննարկում է միջուկային գործարքից դուրս գալուց հետո Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր տնտեսական հետեւանքները: Այս մասին Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը հայտարարել է Deutschlandfunk ռադիոկայանի հետ հարցազրույցում:

«Մենք քննարկում ենք, թե ինչպիսին կլինեն տնտեսական հետեւանքները, ինչպես է հնարավոր խուսափել Գերմանիայում աշխատատեղերի համար բացասական հետեւանքներից: Այս հարցում մենք աշխատում ենք ԵԽ-ի եւ Եվրահանձնաժողովի հետ»,- ասել է նա: Ալթմայերի խոսքով՝ Գերմանիան ձգտում է իր ընկերությունների իրավական անվտանգության ապահովմանը:

Գերմանացի նախարարը զգուշացրել է էսկալացիայի, անորոշության գալարի էլ ավելի ուժգին պտույտից, որոնք, ի վերջո, «բացասական արդյունք կունենան ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլեւ կանդրադառնան համաշխարհային տնտեսության զարգացման վրա»:

Ալթմայերը Իրանի դեմ պատժամիջոցներին վերադարձը վաղաժամ է համարում: «Մենք պետք է մտածենք՝ պետք է արդյոք Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանել, երբ ընդհանրապես չի կարելի արձանագրել, որ միջուկային գործարքի համաձայնագրի խախտում է եղել»,- ասել է նա՝ նշելով, որ «եվրոպացիները դրա որեւէ համոզիչ ապացույց չունեն»: Նա նշել է, որ Իրանի հետ գործարքի ապագան քննարկվում է «բոլոր կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ»: