Պակիստանը մտադիր է ԱՄՆ-ից երկրում աշխատող դիվանագետների տեղաշարժման սահմանափակումներ մտցնել, որն ամերիկյան կողմի համանման քայլին պատասխան միջոցառում է, հայտարարել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Ֆեյսալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ Վաշինգթոնը պատրաստվում է սահմանափակել Պակիստանից ԱՄՆ-ում աշխատող դիվանագետների տեղաշարժը: Այս քայլը Իսլամաբադի որոշման պատասխանն է դառնալու, որն ավելի վաղ ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցներին պաշտոնապես արգելել էր մեկնել նավահանգստային Կարաչի, ինչպես նաեւ ցեղերի գոտի:

«Սահմանափակումները երկկողմանի հիմքով կմտցվեն մայիսի 11-ից: Այսուհանդերձ, 2 երկրների միջեւ այս հարցով բանակցությունները շարունակվում են»,- հայտարարել է Ֆեյսալը:

Պակիստանյան առաջատար պարբերականներից Dawn-ը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ Իսլամաբադը կարող է ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների համար Իսլամաբադում, Լահորում եւ Կարաչիում տեղաշարժման շառավիղը կրճատել մինչեւ 25 մղոն (մոտ 40 կիլոմետր):