Շիրակի պետական համալսարանի դասախոս Թերեզա Խաչատրյանը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ կապված «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՇՊՀ նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի հայտարարության հետ:
Դիմումում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի՛ ՀՀ ԱԺ նախագահ պարոն Ա. Բաբլոյան,
Ձեզ է դիմում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների» կենտրոնի տնօրեն, «Գործարարության եւ վարչարարության» եւ «Հոգեբանության, սոցիոլոգիայի եւ սոցիալական աշխատանքի» ամբիոնների դասախոս Թերեզա Արթուրի Խաչատրյանը:
Սույն թվականի մայիսի 10-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական» ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, մասնակցելով վերոգրյալ համալսարանի նախկին մի քանի աշխատողների կողմից կազմակերպված ցույցին, համալսարանի դարպասների դիմաց հանրային իր ելույթում հասցրել է ինձ եւ եւս երկու աշխատողի անձնական վիրավորանք՝ մասնավորաբար իմ հասցեին նշելով հետեւյալ միտքը, որ ինձ «… 1000 անգամ ներողություն, փողոցից եմ բերել …»:
Սույն նամակով խնդրում եւ պահանջում եմ հարցին տալ ընթացք՝ քննելով այն ՀՀ Ազգային Ժողովի համապատասխան էթիկայի հանձնաժողովում՝ պարզելու համար, թե որքանո՞վ է հարիր նման բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին եւ պարզապես որոշակի կենսափորձ, բարոյական բարձր արժեքներից խոսող մարդուն ի լուր աշխարհի վիրավորելու երիտասարդ կադրի արժանապատվությունը՝ չունենալով որեւէ հիմնավորում:
Ակնկալում եմ Ձեզանից օբյեկտիվություն եւ հետեւողականություն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն մի քանի օր է Շիրակի պետհամալսարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Ցույցին մասնակցում են ռեկտորի հրամանով բուհից հեռացված դասախոսններ Գագիկ Համբարյանը, Հովհաննես Խորիկյանը: Բերջին ակցիային մասնակցել են նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՇՊՀ նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը եւ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նշենք, որ ռեկտորի հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է:





























