Անշարժ գույքի շուկայում չինացի մագնատը, որն անցնում է ՄԱԿ շարքերում կոռուպցիայի աղմկահարույց գործով, մայիսի 11-ին 4 տարվա բանտարկության է դատապարտվել համաշխարհային կազմակերպության պաշտոնյաներին կաշառելու համար, հայտնում է Associated Press-ը:

69-ամյա միլիարդատեր Նգլեպ Սենի  դատավճիռը կայացրել է Մանհեթենի դաշնային դատարանի դատավոր Վերնեն Բրոդերիկը, որը նրան դատապարտել է նաեւ  1 մլն դոլար տուգանքի: Դատավարության ժամանակ ելույթ ունենալիս մագնատը հայտարարել է, որ ափսոսանք է հայտնում կատարվածի համար եւ դատարանից ներողություն է խնդրել իր գործողությունների հետեւանքով առաջացած «բոլոր անախորժությունների համար»:

Միլիարդատերը մեղավոր է ճանաչվել անցյալ տարվա հուլիսին: Նրան մեղասգրվում էր կաշառատվություն եւ փողերի լվացման նպատակով հանցավոր համաձայնություն: Դատախազության պնդմամբ՝ նա 2010-2015 թվականների ընթացքում ՄԱԿ պաշտոնյաներին «հարյուր հազարավոր դոլարի» կաշառք է տրամադրել:

Վերջին 2,5 տարում Նգլեպ Սենը տնային կալանքի տակ է: Դրա համար նա վճարել է 50 մլն դոլարի գրավ: Դատարանի որոշմամբ՝ միլիարդատերը շուրջօրյա հսկողության տակ կլինի մինչեւ ընթացիկ տարվա հուլիս, երբ պետք է ինքնուրույն բանտ ներկայանա եւ սկսի կրել իր պատժաժամկետը:

Նա ձերբակալվել է 2015-ի սեպտեմբերին ԱՄՆ 4,5 մլն դոլար կանխիկ գումար մտցնելու նպատակը թաքցնելու մեղադրանքով: Հետագայում նրան մեղադրել են, որ ավելի քան 500 հազար դոլար է փոխանցել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 68-րդ նստաշրջանի նախագահին, նախկին փոխնախագահին, որպեսզի նրանք աջակցեն Մակաոյում ՄԱԿ օբյեկտի շինարարությանը: