Միլանի Վերահսկիչ դատարանը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վերականգնման որոշում է ընդունել, որը 2013 թվականին Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանի կողմից դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ իրեն պատկանող Mediaset խմբի ֆինանսական մեքենայությունների գործով, հայտնում է միլանյան Corriere della Sera պարբերականը:

Վերահսկիչ դատարանի որոշմամբ չեղարկվում են իտալական դատական մարմինների նախորդ որոշումները, որոնց համաձայն՝ 81-ամյա քաղաքական գործիչը դատավճռի հրապարակումից հետո 6 տարի չէր կարող պետական պաշտոններ զբաղեցնել, հետեւաբար՝ առաջադրվել ընտրություններում:

Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Միլանի դատախազության կողմից, սակայն այն արդեն ուժի մեջ մտած է համարվում:

Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանը 2013 թվականի օգոստոսի 1-ին հաստատել էր ավելի վաղ Բեռլուսկոնիի նկատմամբ Միլանի Վերաքննիչ դատարանի՝ Mediaset-ի գործով կայացրած վճիռը:

Միլանի Վերահսկիչ դատարանի որոշումը նաեւ քաղաքական նշանակություն ունի, քանի որ Բեռլուսկոնին, ինչպես նախկինում, ղեկավարում է «Առաջ, Իտալիա» ազդեցիկ կուսակցությունը:

Իտալիայում մարտի 4-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որոնց ընթացքում ակնհայտ հաղթող չի եղել: Եթե կառավարությունն, այնուամենայնիվ, չձեւավորվի, բացառված չէ, որ առաջիկա ամիսներին երկրում անցկացվեն արտահերթ ընտրություններ: Այդ դեպքում Բեռլուսկոնին կկարողանա դրանց լիարժեք մասնակցել: