Ամերիկացի միլիարդատեր Սթիվ Ուինը իրեն պատկանող Պաբլո Պիկասոյի 70 մլն դոլար արժողությամբ «Նավաստի» ինքնանկարը («Le Marin»,1943) Christie's աճուրդի տնից հանել է վնասվածքի պատճառով, հայտնում է Bloomberg-ը:
Գործակալությունը նշում է, որ Սթիվ Ուինը հրաժարվել է հրապարակել տեղի ունեցածի մանրամասները եւ մեկնաբանել վնասի չափը:
Միլիարդատերը 2006 թվականին իր հավաքածուից Պիկասոյի մեկ այլ նկարը՝ «Քուն» («Le Rêve, 1932), ինքն էր վնասել հիվանդության պատճառով, որն ազդում է նրա կողմնային տեսողության վրա: Այսպես՝ կտավն իր ծանոթներին ցույց տալիս նա պատահաբար արմունկով կտավը ծակել էր՝ դրա վրա արծաթե դոլարի չափով անցք առաջացնելով (40,6 մմ տրամագծով):
Վերականգնելուց հետո «Քուն» նկարի արժեքը 139 մլն դոլարից նվազել էր մինչեւ 85 մլն դոլար: Դրա հետ կապված Ուինը դատի էր տվել Lloyd’s ապահովագրական ընկերությանը, որտեղ կտավն ապահովագրված էր: 2013 թվականին ամերիկացի ֆինանսիստ Սթիվեն Քոենը այն Ոինից գնել էր 155 մլն դոլարով:
Christie's-ը «Նավաստի» նկարի միջադեպից հետո Ուինին հավաստիացրել է, որ նրա պայմանագիրը «ապահովագրական ռեզերվներ ունի վնասի փոխհատուցման եւ այլ անկանխատեսելի հանգամանքների համար» եւ կողմնակի երաշխիք է գտել աճուրդի սակարկություններին մասնակցելու համար:





























