Մանր ու միջին ֆերմերները խնդիրների առաջ են կանգնել խոշոր ջերմոցային տնտեսությունների եւ մաքսային ծառայության անօրինական գործունեության պատճառով։ Այս մասին մայիսի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ֆերմեր Արմեն Սիմոնյանը։

Նա նշել է, ֆերմերները չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը ներքին շուկայում, քանի որ մի քանի խոշոր ջերմոցային տնտեսություններ փորձում են ռուսական շուկայում սպառել ցեցով վարակված լոլիկները եւ ծաղկային տրիպսով վարակված վարունգները. «60 տոննա այդ բեռը վերադարձրել են արտահանողին, եւ վարակված արտադրանքը իրացվում է հայկական շուկայում»,–նշել է նա։

Ջերմոցային տնտեսության սեփականատեր Արմինե Սիմոնյանը իր հերթին նշել է, որ իրավիճակը ավելի է խորացնում հայկական լոլիկների ներմուծման սահմանափակումը ռուսական շուկա, այն պատճառով, որ «Ռոսսելխոզնադզորը» մեկ ու կես ամիս առաջ նկատել է, որ հայկական խոշոր ջերմոցային տնտեսությունները հայկական լոլիկի անվան ներքո ռուսական շուկա են արտահանում թուրքական լոլիկ. «Արդյունքում Հայաստանի գյուղատնտեսական շուկան լճացում է ապրում, որի պատճառով մանր ու միջին ֆերմերները չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը եւ ստիպված են լինում վաճառել լոլիկը ինքնարժեքից էլ ցածր՝ 1 կգ–ն 200 դրամով»,–դժգոհել է նա՝ հավելելով, որ դրա հետեւանքով ֆերմերները չեն կարողանում մարել վարկերը եւ վճարել գազի համար։

Ֆերմեր Վարուժան Օտեդանյանը, իր հերթին նշել է, որ գյուղատնտեսությունը պետական աջակցության կարիք ունի, հատկապես արտահանման խթանման։ «Միայն իշխանությունների աջակցությամբ կարելի կլինի արտահանման ծրագիր մշակել, հակառակ պարագայում մենք ստիպված կլինենք պաստառներ ձեռքը վերցնել, փողոց դուրս գալ եւ պետությունից օգնություն խնդրել կամ խնդրել մարել վարկերը մեր փոխարեն»,–ասել է նա։  Ֆերմները պնդում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման շուրջ։