Հայաստանի Հանրապետության արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր՝ մայիսի 14-ին, հանդիպել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ներկայացուցիչներին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Արտակ Զեյնալյանի պրոֆեսիոնալիզմն ու վստահեցրել, որ սատարելու է նախարարի կողմից իրականացվելիք ծրագրերը: Դավիթ Հարությունյանը նշել է, որ Նախարարության ներկայիս թիմը կատարել է ծավալուն աշխատանք, իսկ մեկնարկած ծրագրերից շատերն ընթացքում են:
«Վստահ եմ, որ նախարարն այն հաջողությամբ կշարունակի, նաեւ վստահ եմ, որ նոր խնդիրներ ու հարցադրումներ են լինելու»,- ասել է Դավիթ Հարությունյանն ու նախարարին եւ աշխատակազմին հաջողություն մաղթել սպասվելիք գերլարված աշխատանքում՝ ընդգծելով, որ Նախարարության հաջողությունը լինելու է նաեւ իր հաջողությունը:
Նախարար Զեյնալյանը ողջունել է Արդարադատության նախարարության աշխատակազմին եւ նշել, որ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնցից պետք է քաղել առավելագույնը եւ թույլ չտալ կորուստներ: «Հայաստանի վարկանիշը մեր աշխատանքով ու ջանասիրությամբ բարձրացնելու լայն հնարավորություն է տրված այս պահին»,- ասել է նորանշանակ նախարարն ու բոլորին հաջողություն ցանկացել:





























