Մարտի 1-ի դեպքերն ու դրան հաջորդած գործընթացները պարզորոշ  ցուցադրեցին  այն բոլոր խութերը, որ կան  դատական, ոստիկանական  համակարգում: Այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով այսօր՝ հունվարի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին:

«Հենց նախարարի խնդիրն է գտնել եւ վերացնել  դրանք ծնող օրենսդրական պատճառները»,- ասել է նախարարը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Արդարդատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը, նրանք անդրադարձել են 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած  իրադարձություններից  հետո դատապարտված եւ առ այսօր անազատության մեջ գտնվող 9 անձանց ազատ արձակելու, 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերին:

Բացի այդ, հանդիպման ընթացքում քննարկվել  են թե՜ համակարգում առկա խնդիրները, թե այն  ուղղություններն ու քայլերը,  որոնք  ձեռնարկելու դեպքում հնարավոր կլինի լուծել այդ խնդիրները:

Անդրադառնալով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առկա  պայմաններին  ՀՀ արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդունելով քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ արդարադատության նախարարի մտահոգություններն ու մոտեցումները, նկատել է, որ իր կարծիքով էլ «Բանտը չպետք է դառնա հանցավորության դպրոց,  հաճախ ճիշտ եւ ավելի արդյունավետ է ազատազրկման   փոխարեն պատժի այլ ձեւեր կիրառելը, ինչն  ընդունված է Եվրոպայում»: «Եվրոպայի փորձը վկայում է, որ երբ ազատազրկմանը փոխարինող պատժատեսակներ են կիրառվում, կրկնահանցագործության ցուցանիշը նվազում է: »-իր խոսքում նշել է Թոմաս Համարբերգը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը  մարդու իրավունքների հանձնակատարին  տեղեկացրել է  այս տարվա ընթացքում նախատեսվող օրենսդրական մի շարք փոփոխությունների / քրեական դատավարության եւ ընտրական օրենսգրքեր, հավաքների ազատության մասին օրենք /  մասին:  Անդրադառնալով դատական համակրգում առկա խնդիրներին, մարդու իրավունքների հանձնակատարը կարեւորել է հատկապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցում  ներառված  դիտարկումները դատավարությունների ընթացքի եւ տեղ գտած թերությունների վերաբերյալ: Արդարադատության նախարարը փոխանցել է, որ  քրեական դատավարության  մասին նոր օրենքը եւ մյուս օրենսդրական ակտերը  մշակվում են  հաշվի առնելով հենց այդ դիտարկումներն ու նկատառումները: