ՃՈ-ի կողմից տեսախիկների կիրառումը պետք է ունենա կանխարգելիչ, ոչ թե պատժիչ նպատակ, իսկ շարժական տեսախցիկներով խախտումների բացահայտումը կարող է իր բնույթով լինել պատժիչ, որովհետեւ պատշաճ զգուշացման հնարավորություն չկա: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը՝ հավելելով, որ այդ հարցի վերաբերյալ արդեն օրինագիծ է շրջանառության մեջ դրվել, նման տեսախցիկներով խախտումները արձանագրելն արգելելու վերաբերյալ:
Նրա խոսքով, դա պայմանավորված է մարդու իրավունքների ապահովմամբ, եւ կապված չէ ոչ կուսակցության, ոչ քաղաքականության հետ:
«Երբ մարդուն չի զգուշացվում, որ այստեղ նկարահանվում է, դու հնարավորություն չես ունենում սահմանափակել քո անձնական կյանքի գաղտնիության բացահայտումը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ անշարժ տեսախցիկների դեպքում եւս կարող է խախտվել մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը, Կոստանյանը պատասխանեց, որ երբ նախօրոք հայտարարվում է, որ այստեղ տեսանկարահանվում է, յուրաքանչյուր մարդ կարող է տեղեկանալ, որ այստեղ իր կյանքի գաղտնիությունը կարող է բացաայտվել, եւ դրանով պայմանավորված մարդը հնարավորություն ունի նախատեսել իր վարքագիծը:




























